ՀՀ ԱԺ պատգամավորների ճոխ պարգևատրումների մասին շատ է խոսվել: Սակայն, ուսումնասիրելով վերջիններիս ներկայացված հայտարարագրերը, տպավորություն է ստեղծվում, որ պարգևատրումները կա'մ տերերին չեն հասել, կա'մ ծախսվել են մինչ հայտարարագրի ներկայացումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ընդ որում, տարակուսանք են ներշնչում ինչպես պաշտոնյաների՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացրած տվյալները, այնպես էլ՝ տարեկան հայտարարագրերը:
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր ընդամենը 1,200,000.00 դրամի եկամուտ, ոչ մի շարժական կամ անշարժ գույք պատգամավորը չի նշել իր հայտարարագրի մեջ, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է:
Իմքայլական մեկ այլ պատգամավոր Արփինե Դավոյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր 6,613,848.00 դրամի եկամուտ, իսկ արդեն մեկ տարի անց նրա եկամուտները կազմել են 576,360.00: Սա էլ է, մեղմ ասած, տարակուսելի՝ հաշվի առնելով պատգամավորների աստղաբաշխական պարգևավճարները:
Պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարագիրը նույնպես անչափ ուշագրավ է: Պաշտոնը ստանձնելիս նա փաստացի դատարկ թուղթ է ներկայացրել, որտեղ նշված չէ բառացիորեն ոչինչ: Իսկ ահա մեկ տարի անց Մկրտչյանը հայտարարագրել է 6,389,488.00 ՀՀ դրամի եկամուտ:
«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գործերը նույնպես լավ չեն: Բանն այն է, որ 2018-ին, ստանձնելով մշակույթի նախարարի պաշտոնը՝ նա հայտարարագրել էր 1,551,690.00 դրամի եկամուտ: Իսկ այնուհետև, ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացված հայտարարագրում նրա եկամուտները դարձել են 1,200,000.00 դրամ, իսկ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են ընդամենը 300,000.00 դրամ:
Վահե Ղալումյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված են չորս հողամասերը, մեկ անհատական բնակելի տունը, երկու բեռնատարները: Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի), ծառայության տեսքով ստացած դրամական միջոցները կազմել են 150,000.00 ռուբլի: Ուշագրավն այն է, որ արդեն տարեկան հայտարարագրում հողամասերը և անգամ անհատական բնակելի տունը անհետացել են, չկան նաև բեռնատարները, որոնցից միայն մեկի ճակատագիրն է հայտնի՝ այն օտարվել է 1,930,000.00 դրամով, իսկ հարկային տարում Ղալումյանի դրամական միջոցները կազմել են 3,630,643.00 դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է առավել ուշադիր գտնվի նման դեպքերում, քանի որ ակնհայտ է սույն պաշտոնյաների հայտարարագրերում թերությունների առկայությունը: Մնում է միայն հուսալ, որ այդ թերացումները կանխամտածված բնույթ չեն կրում և նպատակ չեն հետապնդել հպարտ քաղաքացիներից թաքցնել սեփական ունեցվածքը…