«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ պարզելու, թե 2019 և 2020 թթ-ին՝ «Էներգետիկ ծառայություններ» և «Այլ նպաստներ» հոդվածներով որքան գումար է հատկացված և քանի պատգամավոր է օգտվել բնակարանի վարձակալության համար հատկացված գումարներից։ Այսպիսով՝ 2019 թ-ի փաստացի ծախսը կազմել է մոտ 70,7 մլն դրամ, իսկ 2020թ-ի միայն առաջին եռամսյակինը կազմել է նախորդ տարվա ծախսի մոտ կեսը՝ 33,1 մլն դրամ։ Հաջորդ եռամսյակներում, եթե պահպանվի առաջին եռամսյակի ծախսերի այս ցուցանիշը, ապա 2020 թ-ի վերջին կարձանագրվի կրկնակի ավելի ծախս, քան թե 2019 թ-ին է եղել։ 2019 թ-ին բնակարանի վարձի փոխհատուցման համար դիմել է 22 պատգամավոր, որից 13-ը՝ «Իմ քայլը» խմբակցությունից՝ Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Կարեն Սարուխանյանը, Հովիկ Աղազարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Մատթևոս Ասատրյանը, Ռուստամ Բաքոյանը, Վահե Ղալումյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արփինե Դավոյանը, Թագուհի Ղազարյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արամ Խաչատրյանը: 2020 թ-ին բնակվարձի փոխհատուցում ստանալու համար դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: 2019թ-ին բնակարանի վարձի փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է՝ 19,6 մլն դրամ, իսկ 2020թ-ի առաջին եռամսյակինը՝ 8,9 մլն դրամ, յուրաքանչյուր պատգամավորի բնակվարձի փոխհատուցման գումարի չափն էլ կազմում է 100 հազար դրամ: 

 

Ունե՞ին արդյոք իշխանական պատգամավորներն այդ  100 հազար դրամի կարիքը: Դիցուք՝ Արեն Մկրտչյանը 2018-ին հայտարարագրել էր  1,640.00 դոլար, 6,389,488.00 ՀՀ դրամ և սա չհաշված պարգևավճարները: Կարեն Սարուխանյանը հայտարագրել է 12,681,117.00 ՀՀ դրամ, Հովիկ Աղազարյանը հայտարարգրել է 4,791,000.00 ՀՀ դրամ, Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է  11,000,000.00 ՀՀ դրամ և 10,000.00 ԱՄՆ դոլար: Վահե Ղալումյանը հայտարարագրել է 3,630,643.00 ՀՀ դրամ: Արփինե Դավոյանը հայտարարագրել է 6,613,848.00 ՀՀ դրամ: Սերգեյ Մովսիսյանը՝ 2,000,000.00 ՀՀ դրամ և 3,000.00 ԱՄՆ դոլար: Արամ Խաչատրյանը 2018-ի ընթացքում 16,500.00 դոլարով վաճառել է բնակարանը, 624,749.00 ՀՀ դրամ եկամուտ: 


Հիշեցնենք՝ երբ մի քանի տարի առաջ ՀՀԿ 10 պատգամավորները դիմել էին այդ նույն 100 հազարի համար՝ ընդդիմադիրները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ պահանջելով ուսումնասիրել վերջիններիս հայտարարագրերը, որոնցից պարզ կդառնար, որ պատգամավորներն այդ 100 հազար դրամի կարիքը բնավ էլ չունեին, հետևաբար գործ ունեինք բյուջեից փող քերելու հետ: Մի բան, ինչին ականատես ենք լինում նաև այսօր…