ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ դիմելով երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական ու տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, կուսակցություններին, ՀԿ-ներին, կոչ արեց ձևավորել կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։ Այսօր հայտնի դարձավ, որ կազմվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը և արդեն մեկնել է սահման: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը չցանկացավ նշել, թե պատգամավորներից ովքեր են ընդգրկված ջոկատում․ «Ով, ոնց, որտեղ՝ չեմ կարող ասել։ Դրանք բաներ են, որոնք չպետք է հրապարակային դարձնել։ Եթե ես որևէ տեղ գնամ, բնականաբար չեմ ասելու, թե ուր եմ գնում»,- ասաց նա։
Հարցին, թե պատգամավորների առաջին գիծ մեկնելը վարչապետի կոչի՞ հետևանք էր՝ Պապոյանը դրական պատասխան տվեց․ «Որպես որոշում այո՛, բայց վստահեցնում եմ՝ մինչ այդ ևս շատ շատերի մոտ ցանկություն կար։ Վարչապետի կոչի շրջանակներում քննարկումներ եղել են և մենք, որպես կուսակցություն, արձագանքելու էինք և առաջինն էինք արձագանքելու»,- նշեց պատգամավորը։
Դիտարկմանը՝ օրենքով ամրագրված է, որ պատգամավորները կարող են չմասնակցել մարտական գործողություններին և նրանց աշխատանքը օրենսդիրում պակաս կարևոր չէ հրատապ որոշումներ ընդունելու տեսանկյունից՝ Պապոյանը նկատեց․ «Պագամավորների մասով ամեն ինչ կամավոր է։ Դրա համար հերթափոխ է լինելու։ Կոնֆիդենցիալ հարցեր կան, որոնց շուրջ չի կարելի խորանալ։ Մեր խմբակցությունից ցանկացածը պատրաստ է գնալ առաջնագիծ և կռվել հանուն հայրենիքի»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ջոկատների կազմումը շարունակական բնույթ է կրելու։
Արդյոք պատգամավորները մարտական գործողություններից առաջ նախապատրաստություն անցնելու են, թե՞ ոչ՝ հարցին ի պատասխան պատգամավորն ասաց․ «Այո, առաջնորդվելու ենք վարչապետի նշած 6 քայլով , որպեսզի արդյունավետ լինի։ Քայլերի հերթականությունը պետք է ճիշտ պահել, որովհետև նպատակը պարզապես ինչ-որ տեղ գնալը չէ և արդյունավետությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի»,- ասաց Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ Hraparak.am-ը գրել էր, որ ՔՊ ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գևորգյանը, Վահագն Հովակիմյանը և այլք:
Սոնա Հարությունյան