Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջի՝ նոր ձեւավորված Ազգային ժողովում պետք է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ լինեն: Այս խորհրդարանում ազգային փոքրամասնություններին բաժին կհասնի 4 մանդատ՝ 3-ը ՀՀԿ ցուցակով, 1-ը «Ծառուկյան» դաշինքով:
ՀՀԿ-ի մանդատով եզդիական համայնքից խորհրդարան կանցնի Ռուստամ Մահմուդյանը, ասորական համայնքից՝ «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը, իսկ քրդական համայնքից՝ համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն՝ անդրադառնալով նոր ձևավորվող օրենսդիր մարմնում ազգային փոքրամասնությունների դերակատարությանն, ասաց. «Սովետական կարգերի փլուզումից հետո ԱԺ-ում չկային քրդական համայնքի ներկայացուցիչներ, սակայն սահմանադրական փոփոխությունները թույլ տվեցին, որ քրդական համայնքի ներկայացուցիչները կարողանան մտնել խորհրդարան»:
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ այն ժամանակ պատգամավոր ընտրվում էին համամասնական և մեծամասնական ընտրակարգով. «Համամասնականի դեպքում մենք չունեինք ազգային այնպիսի կուսակցություն, որ կարողանար մեկ պատգամավոր ընտրվել այդ կուսակցության միջոցով, իսկ մեծամասնականի դեպքում չունեինք քրդաբնակ տարածքներ, որ հնարավոր լիներ հավաքել մինչև հիսուն հազար ձայն, որպեսզի ընտրվեր քրդական համայնքի պատգամավոր»,- ասաց նա՝ հավելելով, որ ԱԺ-ում չկային նաև այլ ազգային փոքրամասնություններ:
Կնյազ Հասանովի խոսքով՝ պատրաստվում են խորհրդարանում բարձրացնել իրենց համար կարեւոր մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են կրթությանը, մշակույթին, ջրի խնդրին, ինչպես նաև կմասնակցեն օրենքների ընդունման այլ հարցերի:
«Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովն էլ նշում է, որ իրենց ցանկությունն այն է, որ ասորական համայնքը մշտապես իր դերն ունենա Հայաստանի զարգացման գործընթացում. «Սա պատմական իրադարձոըթյուն է, որ ԱԺ-ն ունենա ասորական համայնքի ներկայացուցիչ: Դա կարևոր է նաև մեր դրսի ասորական համայնքների համար: Մենք հնարավորություն կունենանք մեր էթնիկ խնդիրները բարձրացնել ԱԺ-ում»:
Նա նշեց, որ իրենց հաճախ են հարցնում՝ ԱԺ-ում ներկայացուցիչ պետք է ուենա՞ք, որպեսզի համայնքային խնդիրներ լուծեք, Միխայելովն ընգծեց. «Այո՛, ԱԺ-ում մենք կարող ենք բարձրաձայնել և լուծել խնդիրները՝ այդ հարթակից:
Նրա խոսքով՝ իրենց կարևորագույն խնդիրներից մեկը կրթությունն է. «Կրթական ոլորտում աշխատանք ունենք անելու. մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցն ավարտելուց հետո խոսեն և գրեն հայերեն լեզվով»:
«Մեր երեխաները սովորում են մայրենի լեզու: Սովետական կարգերի փլուզումից հետո մենք ունեցանք լատինատառ դասագրքեր, հայ ժողովուրդը մեր ազգային փոքրամասնության համար ամեն բան արեց, որի համար շնորհակալ ենք»,- ասաց Հասանովը:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարծում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծեն իշխանությունների հետ և իրենք ոչ մի պարագայում չեն կարող ընդդիմադիր լինել: «Ես գտնում եմ՝ ազգային փոքրամասնությունները պետք է կապ ունենան Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: «Մեզ ՀՀԿ-ն ընդունել է իր ցուցակում որպես ազգային փոքրամասնության համայնքի ներկայացուցիչ և այսօր էլ մենք անցնում ենք ԱԺ»:
Համայնքում կա՞ն ընդդիմադիրներ հարցին ի պատասխան՝ Հասանովն ասաց՝ «մի ընտանիքում էլ կան ընդդիմադիրներ»:
Սոնա Հարությունյան