ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ուղղված դիմումը կվերահասցեագրվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանն ասաց, որ այդ մասին տեղեկացել է մամուլից և իրենց որևէ ձևով չեն տեղեկացրել այդ մասին. «Դա կարելի է դիտարկել ԲԴԽ-ի կողմից՝ դիմում հասցեագրած անձանց հետ շփման «արդյունավետության» շրջանակում, առավել ևս, երբ հարցը հրատապ է: Կարծում եմ՝ նման դեպքերում ԲԴԽ-ն կարող է բոլոր հարցերը հասցեագրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, որովհետև դիմումում ես խնդրել էի նորմատիվային լուծում տալ, որով օժտված է միայն ԲԴԽ-ն: Դատավորը, թեկուզ շատ հարգելի պատճառով՝ ներկա չէ և ոչ մի տեղեկություն չկա, թե երբ կվերադառնա: Պարոն Վարդազարյանն ասում է՝ 21-րդ դարն է, կարելի զանգել, տեղեկանալ, թե դատարանը երբ է վերադառնալու: Ես այսօր զանգահարել եմ պարոն Մկրտչյանի աշխատակազմին, ի պատասխան՝ ինձ հայտնեցին, որ իրենց չի հաջողվել դա պարզել: Այս պարագայում հարցը լուծում չպե՞տք է ունենա, սակայն այն վերահասցեագրվում է դատարանի նախագահին, ինչին ժպիտով պետք է վերաբերել»,- նշեց պաշտպանը:
ԲԴԽ-ն պատճառաբանել է, որ դատավարական գործընթացներին միջամտելը ԲԴԽ իրավասության սահմաններից դուրս է: Վարդևանյանը հակադարձեց՝ դիմումում դատավարական գործընթացների հետ կապված որևէ հարց չկա. «ԲԴԽ հիմնական լիազորություններից մեկը դատավորների անկախության երաշխավորումն է, մյուսը՝ դատարանների բնականոն գործունեությանը: Հարցը վերաբերում էր վերջինին: Մենք այս պահին ընդհանրապես դատարան չունենք և արտակարգ դրության պայմաններում ունենք կալանավորված անձ, որի վերաբերյալ միջնորդությունն անհապաղ պետք է քննվի, սակայն 2 շաբաթից ավել է՝ անորոշությունը շարունակվում է»,- ասաց Վարդևանյանը:
Նշենք, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստին պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, սակայն նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վերջինս վիրահատվել է և հայտնի չէ, թե երբ կվերադառնա:
Փաստաբանական թիմը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի, սակայն պահանջ-խնդրանքը մերժվել էր։
Այնուհետև փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել էր ՄԻՊ Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ կապված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Քոչարյանին անձնական երաշխավորությաբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ արձանագրելով ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։