Ինչպես հայտնի է՝ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել գործարարների հետ, որոնք զբաղվում են արտահանմամբ և ներկրմամբ:  Հատկանշական է, որ նրանց թվում եղել է նաև ներկայումս քրեական գործերով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ հանրությանն առավել հայտնի «Ֆլեշի Բարսեղ» անունով և և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Բարսեղ Բեգլարյանն ասաց՝ հիմնականում քննարկվել է, թե ինչպես անել, որ Հայաստանն ապահովվի կենսական առաջին անհրաժեշտության ապրանքներով. «Դա վերաբերում է և՛ դիզվառելիքին, և՛ բենզինին, և՛ ցորենին ու հացահատիկին ու, առհասարակ, պարենային մթերքներին: Շատ պետքական ու օգտակար հանդիպում է եղել և տեսնում ենք, որ մեր կառավարությունը, հանձինս վարչապետի, լուրջ մտահոգություն ունի, ուզում է ստեղծել այնպիսի օպերատիվ շտաբ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ապահովված լինի կենսական անհրաժեշտության իրերով»,- նշեց նա՝ ողջունելի համարելով վարչապետի մտահոգությունը:

Ինչ վերաբերում է բենզինի գնի աննախադեպ անկմանը, որը հասել է 300 դրամի, Բեգլարյանը նշեց, որ այդ ինֆորմացիային չի տիրապետում, քանի որ դրա համար կան համապատասխան մարմիններ. «Դուք մոռանում եք, որ ես թոշակառու մարդ եմ, սիրելիս: Բենզինի գնից բացարձակ տեղյակ չեմ, դրա համար գոյություն ունեն ներկրող կազմակերպություններ, ղեկավարություն, նման հարցերի ես չեմ խառնվում»,- ասաց Բեգլարյանը:

Նշենք, որ քրեական գործերից մեկը, որով անցնում  է Բարսեղ Բեգլարյանը, վերաբերում է դիզվառելիքին: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ գյուղատնտեսական աշխատանքների համար պետությունից գյուղացիներին տրվող դիզվառելիքի չարաշահման արդյունքում կատարվել է մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կազմակերպում: Նույն գործով անցնում է նաև Սերժ Սարգսյանը: Մյուս քրեական գործով Բեգլարյանը մեղադրվում է ինքնիրավչության մեջ, որն իրականացրել է 2016 թվականին Արման Մկրտումյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով:

 
 

Սոնա Հարությունյան