Մարտի 31-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիտորդական առաքելությունը 49 ընտրատեղամասում հետևեց Արցախում տեղի ունեցող նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ընթացքին։

Դիտարկման արդյունքում մարտի 31-ի 14։00-ի դրությամբ հայտնաբերվել են ընտրական գործընթացի մի շարք կոպիտ խախտումներ, որոնցից որոշները կրել են նաև համատարած և սիստեմատիկ բնույթ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։

«Մասնավորապես՝ մեր դիտարկած գրեթե բոլոր ընտրատեղամասերում լուսանկարել են իրենց քվեաթերթիկները։ Ընդ որում՝ վերոնշյալ ընտրախախտումը շատ դեպքերում տեղի է ունեցել ընտրական հանձնաժողովի նախագահների ներկայությամբ։

Հարկ է նշել, որ կապի հետ ծագած խնդիրների պատճառով մարտի 31-ի 14։00-ի դրությամբ տվյալներ են ստացվել մեր դիտարկած 49 ընտրատեղամասերից միայն 47-ից։ Ըստ այդմ, 47 ընտրատեղամասերից երեքում գրանցվել են ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալով քաղաքացիների մասին տեղեկություններ հավաքագրելու դեպքեր։ Տեղամասերից երկուսում ներկա են գտնվել թեկնածուներ, ինչը արգելված է օրենքով։ Նույն կերպ երեք ընտրատեղամասում ներկա են գտնվել միևնույն թեկնածուի մեկից ավելի վստահված անձինք։ Գրանցվել է նաև մեկից ավել անձանց քվեախցիկ մտնելու 13 դեպք, որոնցից, սակայն, միայն մեկն է եղել ընտրողին վերահսկելու նպատակով։

Ընտրատեղամասերից 3-ում արձանագրել են մարդկանց՝ միևնույն մեքենաներով տեղամասային կենտրոններ տեղափոխելու դեպքեր։ Եվս 19 տեղամասում նկատվել են տեղամասին հարող 50 մետր շառավիղով տարածքում մարդկանց կուտակումներ։ Ընդ որում, վերոնշյալ 19-ից 12-ի դեպքում տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն դիմել համապատասխան գործողությունների՝ մարդկանց կուտակումը ցրելու համար, իսկ երեք դեպքում դիմել են ոչ բավարար գործողությունների։ Նաև՝ մեր դիտարկած ընտրատեղամասերից 3-ում գրանցվել են վիճաբանությունների դեպքեր։

Ընդհանուր առմամբ, արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից Արցախի Հանրապետության դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին երկու հաղորդում»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների դիտարկման վերաբերյալ առավել ամբողջական հայտարարությամբ հանդես կգա առաջիկայում։