Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2012 թվականից պարբերաբար ԱԺ ընդդիմադիր պատգամավոր է եղել, հետևաբար նրա հիշողության մեջ էլ դրոշմված կլինեն այն դրվագները, երբ այն ժամանակվա իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, գաղտագողի, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, ինչ-որ տեղ նաև շուստռիություն դրսևորելով անցկացրել է իրեն այդքան անհրաժեշտ օրենսդրական նախագծերը: Այսինքն՝ արել է այն, ինչ երեկ արեց Իմ Քայլը, որը, խաղի կանոնները խախտելով, խաղից դուրս թողեց խորհրդարանական ընդդիմությանը՝ հեռախոսները լսելու սկանդալային նախագիծը անցկացնելու նպատակով գաղտագողի նիստ հրավիրելով: Ուշագրավ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուժի կողմից վարվող նման քաղաքականությունը չի անվանում զոռբայություն, ինչպես անվանում էր օրինակ՝ ՀՀԿ-ի կողմից կուտակային կենսաթոշակայինի նախագիծը անցկացնելը: Հիշեցնենք՝ այդ նախագիծն էլ ընդունվեց ի հեճուկս ընդդիմության: ՀՀԿ-ն տապալեց նաև այն ժամանակ ՀՅ Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը, որի նպատակն էր մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային նորմի գործածումը: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների արձագանքը շատ ավելի բուռն էր: Հիշենք, թե ինչպես քննարկվեց և ընդունվեց 2014 թվականի պետական բյուջեն, որը հենց Նիկոլ Փաշինյանը անվանել էր «հուսահատ, անողնաշար բյուջե»: Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքական մեծամասնության պատգամավորներին ստիպողաբար ԱԺ դահլիճ բերելու ջանքերի շնորհիվ ընդունվեց բյուջեի նախագիծը: Ոչինչ չի հիշեցնո՞ւմ:
Ոչ պակաս սկանդալային էր 2017 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը, որտեղ ԵԼՔ-ը նույնպես մեղադրեց ՀՀԿ-ին կանոնակարգի խախտումով քվեարկելու մեջ: Այնուհետեւ «Ելք» դաշինքի պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ ձեռքերով սեղաններին խփելով եւ հեռացան նիստերի դահլիճից: Արդեն 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանը ՀՀԿ-ին բռնացրեց գաղտագողի նիստ անելու և ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու ցանկության մեջ: Հիշեցնենք՝ Ազգայի ժողովը, մասնավորապես՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները, հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ անցկացրել էին ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որտեղ ամրագրված դրույթի համաձայն` եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են` իրենց կամքից անկախ, եւ դրա հետեւանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ կընդմիջվի: Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն այդ խոչընդոտների վերացման պարագայում:
Այս փոփոխությամբ խորհրդարանականները փորձում էին վիժեցնել վարչապետ Փաշինյանի սցենարը, որը պատրաստվում էր ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով ճնշում գործադրել խորհրդարանի վրա, որպեսզի իր հրաժարականից հետո կազմակերպված 2 ընտրությանն էլ խորհրդարանական գործընկերները չմասնակցեին եւ չգնային արտահերթ խորհրդարանական ընտրության։ Փաշինյանը ուղիղ եթերից կոչ արեց քաղաքացիներին դուրս գալ փողոց և շրջափակել ԱԺ շենքը՝ ՀՀԿ-ին մեղադրելով հակաժողովրդավարական քայլեր կատարելու և հեղափոխությունը վիժեցնելու ցանկության մեջ:
Սակայն, եթե այն ժամանակ ՀՀԿ-ի քայլերը հակասում էին ժողովրդավարության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին, ապա պետք է փաստել, որ իր քաղաքական ուժը և առնվազն պառլամենտական ֆրակցիան այսօր որդեգրել է այդ նույն ՝ զոռբայության և խաղի կանոնների խախտման գնով սեփական նախաձեռնություններն անցկացնելու ձեռագիրը: Միայն մեկ տարբերությամբ՝ այն ժամանակ դա Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէր, իսկ այսօր՝ իշխանությունն արդեն ինքն է՝ դրանից բխող բոլոր բոնուսներով և այդ բոնուսները չկորցնելու ցանկությամբ…