ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես դիմել է Ադրբեջանի գործընկերոջը և պաշտոնական գրությանը պատասխան չունի։ Մանասյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ պաշտոնապես դիմել է նրան, քանի որ ՄԻՊ գրասենյակները ապաքաղաքական կառույցներ են և զբաղվում են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ասաց, որ խնդիրը ՄԻՊ գրասենյակները չեն, այլ ինչպես Ադրբեջանի ՄԻՊ-ն է Ալիևի ուղիղ աշխատողը և չունի անկախության որևէ բաղադրիչ, այնպես էլ Անահիտ Մանասյանն է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի ուղիղ աշխատողը և չունի անկախության որևէ բաղադրիչ.
«Քաղաքական հարցերը լուծվում են քաղաքական ճանապարհներով, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի իշխանությունները, իմ պատկերացմամբ՝ դիտավորյալ, ամբողջությամբ տապալել են մեր արտաքին հարաբերությունները, այդ թվում նաև Արցախյան հարցի բանակցությունները, այս տեսանկյունից ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե այս իշխանությունները ինչպես կարող են խնդիրը լուծել։ Անգամ չեն կարողանում մեկ-երկու օրվա սնունդ ուղարկել, պատկերացրեք՝ ինչ օրն ենք հասել, որ հիմա մտածում ենք ընդամենը մեկ-երկու օրվա սնունդ ուղարկել-չուղարկելու մասին»,- ասաց նա։
Մելիքյանի խոսքով` Ադրբեջանը շանս ունի երկար տարուբերելուց հետո գթասիրտ խաղալ և ինչ-որ մի պահի թույլատրել բեռների անցումը՝ դրանով ամրապնդելով իր դիրքերը, իր երեսից վերացնելով ցեղասպանի մեղադրանքները։ Ըստ նրա՝ ՀՀ-ն ինչ-որ բան կարող է անել, երբ լինի իշխանափոխություն, իսկ իրավական գործիքները երկրորդական նշանակություն ունեն։
«Ես սա համարում եմ Հայաստանի իշխանությունների և ադրբեջանական իշխանությունների համատեղ խաղը»,-ավարտեց Ռուբեն Մելիքյանը։
Լիլիթ Զալիբեկյան