Իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին կորոնավիրուսի հետ կապված խնդրի լրջությունը։ Մինչ վարչապետը հայտարարում էր, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմ առաջացնի», վիրուսն անարգել տարածվեց Հայաստանում։ Ու հիմա իշխանությունների անպատասխանատու և անլուրջ վերաբերմունքի հետևանքով սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ երկիրն ու տնտեսությունը։ Դեռևս մարտի սկզբին՝ ԱՅՈ-ի քարոզարշավի թափ հավաքելու օրերին, Նիկոլ Փաշինյանը հանգստացնում էր հանրությանը՝ հայտարարելով, թե ում շունն է վիրուսը, որ կարողանա մեզ վախեցնել: Այնուհետև նա հայտարարում էր, որ պինցետով ու սպիրտով է հեռացնելու վիրուսը: Անցավ ընդամենը մեկ ամիս և այսօր Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը կտրուկ փոխվել է: Կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, որ սա լրջագույն խնդիր է, որին պետք է ամենայն լրջությամբ մոտենանք: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մինչ համաճարակի բռնկումը հայտարարում էր, որ սա այնքան էլ վտանգավոր վիրուս չէ և հավելյալ միջոցառումների կարիք չկա: Այսօր ասուլիսի ժամանակ նախարարը արդեն հայտարարում է, որ առողջապահական համակարգը կաթվածահար է և մեկ շաբաթ անց մենք կարող ենք ունենալ 1000-ից ավել վարակվածության դեպք:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել կորոնավիուսի վերաբերյալ իր ֆեյբուքյան էջում, որը ավելի ուշ հեռացրել էր: Նա, մասնավորապես, գրել էր. «Կներեք ծնողներ ջան, ի՞նչն է խանգարում ձեր երեխայի դպրոց կամ մանկապարտեզ չտանելը, եթե շատ եք վախենում վիրուսից»: Սա բուռն քննարկումների տեղիք էր տվել: Դրանից առաջ էլ՝ փետրվարի 23-ին, Արսեն Թորոսյանն իր ուղիղ եթերում հայտարարեց, թե Իրանի հետ սահման փակելու կարիք չկա, եւ, առհասարակ, սահմաններ պետք չէ փակել, սակայն դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հակառակ հայտարարությունը, եւ այն փակվեց որոշակի կանոններով: Իսկ ահա մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե ուսումնական հաստատությունները փակելու կարիք չկա, եւ ավելին՝ իր երկու երեխաներին էլ պատրաստ է դպրոց ուղարկել: Ընդամենը ժամեր անց հաջորդեցին կրկին վարչապետի եւ այս անգամ նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հակառակ հայտարարությունները՝ մեկ շաբաթով ուսհաստատությունների եւ նախադպրոցական հիմնարկների աշխատանքները դադարեցնելու մասին:
Ինչպես երևում է ՝ այդպես էլ չենք պարզի, թե ում շունն էր կորոնավիրուսը և ինչու այն պինցետով այդպես էլ դուրս չեկավ, սակայն մի բան ակնհայտ է՝ վիրուսի տարածման սկզբնական փուլում իշխանությունների օպերատիվ աշխատանքը և աչալրջությունը կարող էին մեզ զերծ պահել ներկայիս պատկերից…