Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Հակոբ Ավետյանը. «Նա տան մեծն էր և ինքնասպանության փաստը մեզ համար հանելուկ է: Լավ ընտանիքից էր, ֆինանսական խնդիրներ չունեին, տանը հարբեցողներ չկային: Այսօր եմ հանդիպել ծնողներին, ովքեր ևս չգիտեն, թե երեխան ինչու է նման բան արել»:
Ավետյանի խոսքով՝ երեխան վերջին շրջանում համակարգչային խաղեր շատ է խաղացել. «Իսկ այդ խաղերում, բոլորս գիտենք՝ արյուն ու սպանություն է: Տարօրինակ է այն, որ երեխան թելը օղակ չէր սարքել՝ ինչ-որ անհասկանալի ձևով էր արված: Հնարավոր է՝ ցանկացել է երեխաներին վախեցնել կամ ինչ-որ բան փորձել, գուցե սա անփութության հետևանք է: Բոլոր վարկածների շուրջ մտածում ենք, քանի որ այս ամենը խիստ ցավալի է»:
Գյուղապետը նաև նշեց որ չկա որևէ պատճառ, որը կարող էր հիմք հանդիսանալ այդ քայլին:
Հիշեցնենք, որ ինքնասպանության նմանատիպ դեպք էր տեղի ունեցել 2018 թվականին Օշականում։ 12-ամյա տղայի ինքնասպանությունը կապում էին MOM ծրագրի հետ։ Նշենք, որ այդ վիրուսային ծրագիրը երեխաներին դրդում է ինքնասպանության և խելագարության։