ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է, որևէ այլ նպատակ նախարարությունը չի հետապնդում։
Առաջարկվող փոփոխությունը բխում է կառավարության դեռևս 2018 թվականի փետրվարի 22-ի N7 արձանագրային որոշմամբ հաստատված Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունից։
Նախ` հարկ ենք համարում փաստել, որ առաջարկվող կարգավորումը սահմանված է Օրհուսի կոնվենցիայով, ավելին` այս կարգավորումը սահմանված է նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվով, մասնավորապես դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասի (h) կետով: Ի դեպ, ՀՀ-ԵՄ համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել մոտարկել նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվի 4-րդ հոդվածով սահմանված կիրառելի բացառությունների սահմանումը:
Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։
Քանի որ, «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասն արդեն իսկ ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով սահմանված մերժման հիմքը։
Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի ը) կետով ամրագրված է, որ շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել,
ը) եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։
(Օրհուսի կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի կետի բառացի թարգմանություն)
Նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից և կքննարկվի Ազգային Ժողովում։ Եթե կան առաջարկներ, որոնք հնարավորություն կտան լուծել այս խնդիրը, համահունչ են ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին՝ պատրաստակամ ենք ներառել դրանք նախագծում։
Ի դեպ, այս կարգավորումներն է՛լ ավելի արդիական են դառնում նախարարությունում մոնիթորինգի համակարգի հզորացման տեսանկյունից, որի արդյունքում նախարարությունում տեղեկությունները (այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակներին վերաբերող) լինելու են առավել ամբողջական, ավելի լավ մշակված և համակարգված։
Հավելենք նաև, որ շրջակա միջավայրի նախարարության 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտով նախատեսվում են «ՀՀ բուսական աշխարհի պետական հաշվառում» և «ՀՀ կենդանական աշխարհի պետական հաշվառում» միջոցառումները։ Դրանց իրականացման համար նախատեսվում է մոտ 700 մլն դրամ, որից 2021 թվականի համար` 231,2 մլն դրամ։
Հ․Գ․ Գործող օրենսդրությամբ, եթե օրինակ՝ որևէ անձ պահանջի տեղեկատվություն կովկասյան ընձառյուծի բնադրավայրի վերաբերյալ՝ մենք պարտավոր ենք հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը տրամադրել»: