Այսօր ՀՀ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրեց արտաքին տնտեսական գործունեության սահմանափակումներին և բեռնաշրջանառությանը վերաբերող նոր կարգավորումները:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել, որ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են: Վերջին օրերին այդ ցանկը ընդլայնվել է՝ ավելացել են բժշկակական սարքավորումներ և դեղորայքի արտադրության մեջ օգտագործվող նյութեր»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մեկ այլ որոշման համաձայն՝ ապրիլից հունիս ամիսներին արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը Եվրասիական տնտեսական միությունից, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներին:
Անդրադառնալով մեր երկրից արտահանվող և ներմուծվող բժշկական սարքավորումների հարցին նա նշեց. «Այս պահին գործում է միայն արտահանման սահմանափակում բժշկական սարքավորումների և դեղամիջոցների մասով»:
Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ այս պահին Վրաստանի Հանրապետությունում ևս կարանտին է հայտարարված, կան որոշակի սահմանափակումներ՝ տեղաշարժի և բեռանափոխադրումների հետ կապված. «Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներն իրականացվում են միմիայն վրացական կողմի ուղեկցությամբ: Մի քանի ժամը մեկ, երեսուն մեքենա է անցնում: Վերին Լարսի անցակետը մի քանի օր փակ էր՝ եղանակային պայմաններից ելնելով: Պետք է խնդրենք բեռնափոխադրողներին որոշակի գործողություններ ձեռնարկելուց առաջ հաշվի առնեն ինչպես գործող եղանակային պայմանները, այնպես էլ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, երկրների կողմից իրականացվող աշխատանքները»: