Կառավարության մամուլի կենտրոնում այսօր' ապրիլի 7-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ արտակարգ իրավիճակում ՍԱՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներին, սահմանային հսկողությանը, քաղաքացիների ահազանգերին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ կամ մեկուսացվածներ կան, թե՞ ոչ, Ավետիսյանն ասաց՝ բարեբախտաբար նման դեպք չի գրանցվել:
ՍԱՏՄ, հատկապես, խանութներ շրջայցեր կատարող աշխատակիցները բուժզննում անցնում են, թե՞ ոչ՝ մեր հաջորդ հարցին ի պատասխան՝ Ավետիսյանը նշեց, որ ՍԱՏՄ բոլոր այն աշխատակիցները, ովքեր անմիջական շփում են ունենում արտադրությունների և սննդի շղթայի այլ օպերատորների հետ, ունեն սանիտարական գրքույկներ: Ավետիսյանն ընդգծեց նաև, որ սահմաններում գտնվող աշխատակիցներն ապահովված են պաշտպանիչ բոլոր միջոցներով, այդ թվում՝ պաշտպանիչ արտահագուստով, իսկ ամենօրյա շրջայցեր կատարող տեսուչները ունեն համապատասխան դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր: