Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:

Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որեւէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից: «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր եւ հիգենիայի պարագաներ է բաժանվել: Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:

Կեղծ եւ չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետեւել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձեւավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: