Երեւանի կենտրոնում` Վերնիսաժի մոտ, մայիսի 17-ին հնչած կրակոցների հետեւանքով վրավորված 5 քաղաքացիները գտնվում են կայուն վիճակում, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից, Ալբինա Բադալյանը (64 տարեկան), ով սրունքի կոտրվածք ուներ, կայուն վիճակում է։ Նորայր Հարությունյանի « (30 տարեկան) վիճակը եւս բժիշկները կայուն են գնահատում, իսկ Մնացական Սուքիասյանի (72 տարեկան), Մյասնիկ Հայրապետյանի (26 տարեկան) և Վալերի Հովհաննիսյանի (30 տարեկան) վիճակը կայուն ծանր է։
Մայիսի 17-ին` ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 19-ին ոստիկաությունը հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է մայիսի 17-ին կրակոցներ արձակած և 5 քաղաքացիների վիրավորած անձը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսաց ող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորս ից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով: