Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Մերի Քոչարյանը ներկա դրությամբ վիրահատության է ենթարկվում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության խորհրդարական Էդուարդ Ջամբազյանը: «Մերի Քոչարյանի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում, իսկ վթարից տուժած մեր մյուս հայրենակցի՝ Աննա Բուլղադարյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն: Բժիշկները սպասում են, որպեսզի Բուլղադարյանի վիճակն ավելի կայունանա, որպեսզի բուժման հետագա քայլերը ձեռնարկեն»,- ասաց Ջամբազյանը:

 

Անդրադառնալով մեր հայրենակիցների քաղաքացիությանը՝ ՀՀ դեսպանության խորհրդականը նշեց, որ նախնական տեղեկություններով՝ Բուլղադարյանն ունի ՌԴ քաղաքացիություն, իսկ Մերի Քոչարյանի վերաբերյալ դեռևս որևէ հստակ տեղեկություն չկա: Նրա հարազատներից դեռևս ոչ ոք հիվանդանոց չի ներկայացել: «Դա խոչընդոտ չի հանդիսանում, որպեսզի բշժիշկներն իրենց պարտականությունները կատարեն»,- ասաց Ջամբազյանը:

 

Վթարից տուժած մեր հայրենակիցները տվյալները'

 

1) Քոչարյան Մերի Աշոտի - 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով,

 

2) Բուլղադարյան Աննա Օլեգի - 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:

 

Հուլիսի 15-ին ժամը 08:35-ին «Պարկ Պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև ընկած ուղեմասում էլեկտրագնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 22 մարդ, ևս 129 տուժած հոսպիտալացվել է: