Մոսկվայի Մետրոյում տեղի ունեցած վթարից տուժած հայազգի Մերի Քոչարյանի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանն ասաց, որ նա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի Մերիի առողջականը դեպի լավը գնա, սակայն դեռևս նրա առողջական վիճակի բարելավում չի նկատվել: Դեսպանությունը մշտական կապի մեջ է նաև նրա հարազատների հետ»,- ասաց Ջամբազյանը:
Խոսելով հայազգի մյուս տուժած աղջկա' Աննա Բուլղադարյանի մասին, Ջամբազյանը տեղեկացրեց, որ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում: «Աննա Բուլղադարյանի առողջական վիճակն ավելի կայուն է»,-ասաց նա:
Մոսկվայի մետրոպոլիտենում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում էին նաև երկու հայազգի աղջիկներ: Նրանցից առաջինը'Քոչարյան Մերի Աշոտի, 20 տարեկան է: Նա Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով: Երկրորդը'Բուլղադարյան Աննա Օլեգի, 23 տարեկան է և Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով: Նրանք երկուսն էլ ՌԴ քաղաքացիներ են:
Մոսկվայի մետրոյի վթարից զոհվել է 23 մարդ, 130-ից ավելի տեղափոխվել հիվանդանոց: