Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով տուժած հայազգի Մերի Քոչարյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանը' հավելելով, որ բժիշկներն իրենց ողջ ջանքերը ներդրել են Մերիի վիճակը կայունացնելու մեջ:

 

Մյուս տուժածի' Աննա Բուլղադարյանի, առողջականում դրական տեղաշարժեր են արձանագրվել: «Աննան իր բուժումը ստանում է, նորմալ է վիճակը»,- հայտնեց դեսպանության խորհրդականը:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 23 մարդ, գրեթե 130-ը հոսպիտալացվել են: Տուժածների թվում են երկու հայազգի աղջիկներ, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն:

 

Քոչարյան Մերին, ով 20 տարեկան է, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով, իսկ Բուլղադարյան Աննան' 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով: