Մայիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմանում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 58 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Քաջարանի հիվանդանոցի բժիշկները, որոնք վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ավազով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քաջարանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։