Ավտովթարից տուժած 6 քաղաքացիներ օգոստոսի 17-ի երեկոյան հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն: Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում' Ջաջուռի մոտակայքում շրջված ավտոմեքենայի ուղևորներից մեկն առաջին բուժօգնությունն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ չորսը' մարմնական տարբեր վնասվածքներով' բաց վերքեր, փափուկ հյուսվածքների սալջարդեր, դեռևս գտնվում են հիվանդանոցում, մասնագետների հսկողության ներքո։
Տուժածներից մեկի' Մեծ Բրիտանիայի 17-ամյա քաղաքացու մոտ կրծքավանդակի բազմակի վնասվածքներ են առկա, այդ թվում' հեմոպնևմաթորաքս։ Գյումրու ԲԿ-ում տուժածն ստացել է բժշկական անհրաժեշտ օգնություն։ Օգոստոսի 17-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է հիվանդի տեղափոխումը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմուքում, վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Հետագա բուժումը կստանա բազմապրոֆիլ հիվանդանոցի թոքաբանների հսկողությամբ։
Բոլոր տուժածներն անցել են գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հետազոտությունները։
ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքում և ըստ անհրաժեշտության արագ կազմակերպում է վթարների, պատահարների, թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիներին մասնագիտական բժշկական օգնությունը։ Հարկ եղած դեպքում ՀՀ ԱՆ գլխավոր և հանրապետության առաջատար մասնագետների ընդգրկմամբ կոնսիլիումներ են իրականացվում, տարբեր հետազոտություններ կատարվում։ Երբեմն մասնագետների և տեխնիկական մեծ ներուժ կենտրոնացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Սակայն, նման դեպքերի հետևանքներից կարելի է հնարավորինս խուսափել, եթե մեր բոլոր վարորդներն և հետիոտնները խստորեն հետևեն ճանապարհային երթևեկության կանոններին, եթե խստորեն կիրառվեն սննդամթերքի պահպանման և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առողջ ապրելակեպի կանոնները։ Խոսքը ոչ թե առողջապահական համակարգի ներուժի վատնման մասին է, այլ առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանման: