Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում բռնկված հրդեհից տուժածը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել:

Այս մասին տեղեկացրին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի մասնագետները:

 

«Նա այրվածքներ է ստացել ոչ սթափ վիճակում: Քաղաքացի Ա. Ա.-ն անգիտակից վիճակում է և չի կարողանում դեպքի մասին մանրամասներ պատմել: Նրա մոտ սուր տոտալ և շնչուղիների այրվածք կա 2-րդ, 3-րդ  աստիճանի»,- ասացին կենտրոնից:

Հրդեհի վերաբերյալ ահազանգը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն է ստացվել փետրվարի 9-ին, ժամը 01:28-ին:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները, տարբեր աստիճանի այրվածքներով, տնից դուրս են բերել 1955 թ. ծնված Ա. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն». բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:11-ին, մարվել՝ 02:34-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով և տանիքը (20 քմ):

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: