Ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին ի պատասխան բավական ուշագրավ հայտարարություն է արել առ այն, որ այսօր հայկական քաղավիացիայի թռիչքները դեպի Եվրոպա լիցենզիայից զրկելու միջազգային աղմուկ հանած հայտնի դեպքի պատճառը քաղավիացիայի՝ իր նշանակած պետ Տաթևիկ Ռևազյանի անկարողունակությունն ու ձախողումը չէ, այլ նորից նախկիններն են մեղավոր: «Նախկին պաշտոնյաների հանցավոր անփութության ատճառով երկրար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի զենքերի վաճառքի մեջ: Եվ դա կապ է ունեցել հայաստանյան ենթադրաբար կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի առթիվ զանգեր են եղել ՔԱԿ և դրանք թաքցվել են կառավարությունից և կոծկվել են քաղավիացյային պաշտոնյաների կողմից՝ ենթադրվող կոռուպցիոն պատճառներով, ինչի արդյունքում տեղի է ունեցել այն, ինչ եղել է այսօր»,- ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս փաստի առնչությամբ արդեն իսկ կան հարուցված քրեական գործեր, թիրախում նախկին պաշտոնյաներն են:
 
Հայկական մեդիայի վարկածով՝ խոսքը «Տարոն-Ավիա» ընկերության մասին է, որի սեփականատերերը, սակայն, կտրականապես հերքում են իրենց կապը վարչապետի հայտարարության հետ: Եվ այսպես, ի վերջո ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը: «Conflict Armament Research» (CAR) հետաքննական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է տարբեր հակամարտությունների ընթացքում սովորական սպառազինության, ռազմամթերքի ու զինտեխնիկայի մատակարարումները, 2018-ի նոյեմբերին հրապարակել է «Զենքի մատակարարումները Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմում» զեկույցը: «Conflict Armament Research»-ի զեկույցում նշվում է, որ «CAR»-ը մեջբերել է Հրվ. Սուդանի հարցով ՄԱԿ-ի փորձագետներին, որոնք 2016-ի իրենց զեկույցում հայտնել էին կառավարական բանակի համար հայկական ինքնաթիռներով կատարված մատակարարումների մասին: Դրանում հայտնվել են նաեւ հայերը, ավելի կոնկրետ՝ ՀՀ գրանցումով օդանավերը, որոնք կոնֆլիկտի գոտում զբաղվել են բեռնափոխադրումներով: 2013-ին ԱՄՆ-ի «սեւ ցուցակ» էր ընդգրկել ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր՝ Ռաֆիկ Մովսիսյանին պատկանող «Վերթիռ» ավիաընկերությունը, որը, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, իբրեւ միջնորդ «ներգրավված է եղել ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»:
 
2009-ին վերահսկիչ պալատը կոնկրետ թվեր էր հրապարակել մի շարք ավիաընկերությունների վերաբերյալ, որոնք 2007-2008 թթ. գրանցվել էին Հայաստանում, սակայն աշխատել էին դրսում՝ ՀՀ պետբյուջե մուծելով չնչին հարկեր: Դրանց մեջ էր նաեւ «Վերթիռ» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2007-ի սեպտեմբերի 14-ին: Նույն տարում ընկերությունը, ըստ ՎՊ-ի, շահագործել է 2 ինքնաթիռ եւ պետբյուջե մուծել 0 դրամ շահութահարկ, իսկ 2008-ին, շահագործելով կրկին 2 օդանավ, մուծել ընդամենը 6900 դրամ: Իր հերթին՝ «Վետերան Ավիան» հայտնվել է ՄԱԿ-ի Լիբիայի հարցով պատժամիջոցների հանձնաժողովին կից աշխատող փորձագետների հարթակի ուշադրության կենտրոնում:
 
«Վ-Բերդ Ավիան» 2010-ի օգոստոսի 11-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը 5 թռիչք է կատարել դեպի Սոմալի: «Վ-Բերդ Ավիայի» սեփականատերը մեկ այլ հայկական ընկերություն է՝ «South Airlines»-ը (պատկանում է Աֆրիկայում աշխատող օդաչուների շրջանում հայտնի ՌԴ քաղաքացի, ծագումով Շիրակի Վահրամաբերդ գյուղից Վահրամ Սիմոնյանի ընտանիքին): «South Airlines Co»-ն գրանցված է Սեյշելյան Կղզիներում եւ Շարժայում:
«Վ-Բերդ Ավիա» ավիաընկերությունը չի գործում դեռեւս 2011 թ. օգոստոսի 25-ից, «Վերթիռ» ավիաընկերությունը չի գործում 2011 թ. հոկտեմբերի 31-ից, «Վետերան Ավիա» ավիաընկերությունը չի գործում 2015 թ. մարտի 2-ից: Սակայն, 2015 թվականի աուդիտը ցույց է տվել տարածաշրջանում ամենաբարձր արդյունքը, ուրեմն Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կարող է վերաբերել դրանից հետո «զենքի առևտրին»: Մինչդեռ դրանից հետո նմանատիպ դեպքեր չեն արձանագրվել, չեն հարուցվել նաև քրեական գործեր: