Վեհափառ Հայրապետը չէր կարող շրջանցել ՀՀ 2-րդ նախագահի հանգամանքը և նրա հորդորը՝ կալանքի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, միանգամայն քրիստոնեավայել և մարդասիրական է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հայտարարության մասին, ըստ որի՝ նա կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Խոսրով Հարությունյանը դժարացավ ասել՝ Վեհափառ Հայրապետի արձագանքը սպասելի էր, թե ոչ, սակայն կարծում է, որ նա, արտահայտելով իր մտահոգությունը առողջապահական ճգնաժամանային պայմաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իր հորդորն է հնչեցնում մարդկային առումով, որպեսզի հոգատար վերաբերմունք դրսևորվի հատկապես նրանց նկատմամբ, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են վարակի տարածման կամ դրա ազդեցության տակ գտնվելու սպառնալիքի առջև. դրանք կալանավորվածներն ու ռիսկային խմբում գտնվող անձինք են. «Այս կոնտեքստում Վեհափառի խոսքը պատեհ և քրիստոնեավայել է, հոգևոր իշխանության առաջնորդին բնորոշ: Ինչպես մենք՝ մի քանի նախկին վարչապետներս, հանդես ենք եկել նման միջնորդությամբ, այնպես էլ Վեհափառ Հայրապետն է նույն նկատառումն ունեցել: Խոսքը ամենևին չի գնում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ դատաքննությունը կարճելու կամ ընդհատելու մասին: Քոչարյանի կալանքից դուրս գտնվելը, տվյալ դեպքում առողջպահական խնդիրներից ելնելով, ուրիշ որևէ հարց չի կարգավորում, առավել ևս, որ Քոչարյանն իր նախկին վարքով, մոտեցումներով ապացուցել է, որ բնավ մտադրություն չունի խուսափել արդարադատությունից կամ խոչընդոտել որևէ ձևով»,- ասաց Հարությունյանը: Անդրադառնալով իշխանական ներկայացուցիչների տեսակետներին, թե կաթողիկոսը խառնվել է դատական գործընթացներին՝ այդ կերպ ճնշում գործադրելով դատական իշխանության վրա, նախկին վարչապետը նկատեց, թե կաթողիկոսն ընդամենն իր կարծիքն է հայտնել, ինչպես շատ շատերը. «Անշուշտ, հեգևոր իշխանության առաջնորդի խոսքը կարող է որոշ ազդեցություն ունենալ, բայց որակել ճնշում, քիչ հավանական եմ համարում, քանի որ դրսևորվել է քրիստոնեական արժեհամակարգով պայմանավորված մոտեցում: Կարելի է հետևել դրան, եթե քեզ մոտ կան այդպիսի արժեքներ, կարելի է նաև չհետևել, եթե այդ արժեքեները քեզ համար որևէ նշանակություն չունեն: Այս դեպքում խոսքը գնում է առողջապահական սպառնալիքների մասին, որ կա այսօրվա իրականության մեջ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կաթողիկոսի խոսքը նպաստում է նաև իշխանությունների կողմից կորոնավիրուսային վարակի դեմ պայքարն ավելի հաջողելուն: Թեև Հարությունյանը Վեհափառ Հայրապետի խոսքը մարդասիրական հորդոր է որակում, սակայն ՀՀ ԱԺ փոխնախագահն այստեղ խտրական վերաբերմունք է տեսնում անձերի նկատմամբ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք կաթողիկոսի կողմից խտրական վերաբերմունք չկա՞ Մարտի 1-ի 10 զոհերի, «Հաց Բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի հետ կատարվածին չարձագանքելու դեպքում, Հարությունյանը դժվարացավ մեկնաբանել. «Որքանով ես եմ հասկանում, կաթողիկոսի խոսքը պայմանավորված էր համաճարակով, ոչ թե հասցեագրված մեկ անձի հետ կապված: Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքի, ապա բոլորովին վերջերս իմացանք, որ քաղաքական մեծամասնության 5 պատգամավոր միջնորդել է քրեակատարողական հիմնարկից դուրս թողնել հոլիվուդյան ինչ-որ անձի: Թե ինչու պետք է լինի խտրական վերաբերմունք, այդ մտահոգությունը թող հայտնեն նաև իրենց գործընկերներին: Առավել ևս, որ Վեհափառի պարագայում նա խոսում է համաճարակի պայմանններում ստեղծած խնդիրների մասին՝ իր մտհոգությունը հայտնելով ի մասնավորի՝ խոսելով նաև Քոչարյանի մասին»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը: Հիշեցնենք, որ NEWS.am կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում մասնավորապես ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
Սոնա Հարությունյան