ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ երկրում կարգուկանոն հրավիրողը պետք է այդ իրավունքը ձեռք բերած լինի իր անցյալով, իր կենսագրությամբ, իր քաղաքական ներուժով:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց պատգամավորը' նշելով, որ քաղաքական պայքարի հիմնական ալգոռիթմը համարում է ցույցերի, երթերի միջոցով հասարակական կարծիք ձևավորելը, ոչ թե բռնության գնով սեփական քաղաքական նպատակներն իրագործելը: «Ցանկացած քաղաքացի ունի կարգի հրավիրելու իրավունք, այդ նպատակով իրականացնում են երթեր, ցույցեր, որոնց իմաստը հանրության հիմնական հատվածի դիրքորոշումը տեղ հասցնելն է, որի հետ պետք է հաշվի նստեն իշխանությունները: Իսկ մնացած զարգացումները տանում են ուկրաինացման, որն արդեն վտանգավոր է: Որևէ իշխանա փոխություն ազգային անվտանգության սպառնալիքի գնով որևէ կերպ արդարացված չէր կարող լինել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Խոսրով Հարությունյանը:

 

Նրա խոսքով' Նախագահի հայտարարությունը կանխարգելիչ նպատակ էր հետապնդում: «Ես չեմ կարծում, որ քաղաքական բանակցությունների ռեսուրսը որևէ կերպ սպառված է: Ազգային անվտանգության ապահովումը ոչ միայն իշխանությունների պատասխանատվության ներքո է, այլև ընդդիմության»,-նշեց պատգամավորը:

 

Հարցին ի պատասխան, թե որքանով է պատգամավորը հնարավոր համարում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարակը' Խորսով Հարությունյանը նշեց. «Վարչապետի հրաժարականի հետ կապված' չեմ տեսնում ոչ դրա անհրաժշետությունը, ոչ էլ նման հեռանկար, թեև կուլիսներում նման խոսակցություններ գնում են: Եկեք համաձայնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդդիմության, հատկապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իշխանությունների կոնստրուկտիվ համագործակցության կարևորագույն օղակ կարող է լինել: Փետրվարի 5-ի հայտնի ելույթից հետո Հովիկ Ա բրահամյանի կտրուկ արձագանքը ԲՀԿ-ի ղեկավարությունը ըստ արժանվույն չգնահատեց»:

 

Պատգամավորին հետաքրքրում է նաև, թե ինչու նախագահական արտահերթ ընտրություններ պահանջող ուժերը չմիացան ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյան «Իմպիչմենտի» նախաձեռնությանը: