Ազգային ժողովն ընդունել է 50 մլն դրամից ավելի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը, որով նախատեսվում է բռնագանձել այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ օրինագիծն էֆեկտիվ է կոռուպցիայի դեմ պայքարում։ Նա հայտնել է, որ դրանում մի շարք լրացումներ են արվել՝ այդ թվում նաև ընդդիմության առաջարկով, օրինակ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի։ Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով:
Ինչ խոսք, այս չափորոշիչներն անչափ հետաքրքիր են ընտրված և տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է 90-ականների թալանչիները զերծ մնան պատասխանատվությունը կրելուց, իսկ ահա 2000-ականների կամ 2010-ականներինը՝ ոչ: Ի՞նչ սկզբունքով է ընտրվել այս չափանիշը և ինչու են մեզ գլխանց տեղյակ պահում, որ 90-ականների թալանի վրա օրենքով աչք է փակվելու: Վարչապետ Փաշինյանը բազմիցս հրապարակային կերպով հայտարարել է, որ Հայաստանում թալանի ու կոռուպցիայի հիմքը դրվել է 90-ականներին, այդ դեպքում, եթե իշխանություններն իրոք ցանկանում են օբյեկտիվ լինել և քաղաքական վենդետայի նպատակ չեն հետապնդում՝ պետք է բացահայտումների շղթան սկսեին հենց 90-ականներից:
Տրամաբանական է, որ այդ տարիներին թալանի մասշտաբը շատ ավելի մեծ է եղել, իսկ 2000-իս սկսած նվազել է, քանի որ թալանելու բան էլ երկրում չէր մնացել: Այդպես իշխանությունները վարվեցին նաև 1996 թվականի ընտրությունների հետ, երբ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ դրանք կեղծված էին, սակայն քննարկել այդ հարցը, փորձել պարզաբանել իրական արդյունքները՝ իշխանությունները չցանկացան և ջրեցին այդ թեման: Ստացվում է՝ որքան էլ Փաշինյանը և իր թիմը խաչակնքվեն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, նրանք գիտակցված կերպով փորձում են կոծկել վերջինիս կառավարման շրջանում արձանագրված ապօրինությունները…