Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ զիջումն է անում ռուսական կողմին: ԹԵև շաբաթներ առաջ Փաշինյանը դիրքորոշում էր հայտնել, որ Հայաստանը չի մասնակցի այն ֆորմատով քննարկումներին, որոնք կրկնում են Մինսկի խմբի ձևաչափը, օրերս ինքը' Փաշինյանը, հաստատեց, որ Մոսկվայի առաջարկած «3+2» ֆորմատում կայանալիք քննարկմանը Հայաստանը մասնակցելու է փոխարտգործնախարարի մակարդակով:
Այսօր էլ ԵԱՏՄ նիստի ընթացքում Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց այն դիտարկմանը, որ կարելի է Ադրբեջանին այս կառույցի դիտորդ անդամի կարգավիճակ շնորհել: Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ ընդլայնումն Ադրբեջանի հաշվին առաջին հերթին հետաքրքրում է հենց Մոսկվային, և երկար տարիներ Մոսկվան անհաջող փորձեր էր անում շրջանցելու հայկական կողմի առարկությունները: Չէր ստացվում: Փաշինյանը և իր ԱԳՆ-ն սկզբում նույնպես բավական ռադիկալ էին տրամադրված այս հարցում, նույնիսկ սպառնում էին վետո կիրառել, եթե առաջանա նման անհրաժեշտություն: Վետոյի մասին, սակայն, հիմա չեն հիշում:
Տպավորություն է ստեղծվում, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բավարարել Մոսկվայի գրեթե բոլոր պահանջները, որպեսզի որոշ ժամանակով էլ երկարաձգի իշխանության ղեկին մնալը: Փաշինյանին այս առումով առանձնապես չեն հետաքրքրում Հայաստանի համար առաջացող աշխարհաքաղաքական հետևանքները, որոնց ի հայտ են գալու նմանատիպ պահանջները բավարարելու արդյունքում: