Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումների արդյունքում կառավարությունն արդեն ծախսել է 12.5 մլրդ ՀՀ դրամ, որը վերաբերել է ավելի քան 460 հազար քաղաքացիների: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Համեմատության համար նշենք, որ պաշտոնյաների 2019 թվականի պարգևատրման ֆոնդը կազմել է 25 միլիարդ դրամ:
Չմոռանանք նաև այն 3,5 միլիարդ դրամը, որը կառավարությունն առատորեն հատկացրել էր ՍԴ-ից ազատվելու համար: Մինչդեռ այսօր, երբ երկիրը մեկ ամսից ավել է գտնվում է արտակարգ դրության վիճակում, հպարտ քաղաքացիների օժանդակության համար հատկացվել է ընդամենը 12,5 միլիարդ դրամ: Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւր մնաց տնտեսության թռիչքաձև աճը, ո՞ւր մնաց զգալիորեն համալրված պահուստային ֆոնդը: Չմոռանանք նաև, որ այս օրերին կառավարությունը զգալի օժանդակություն է ստանում միջազգային կառույցներից և անհատներից: Դիցուք՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով: ՀԲ-ն 3 մլն դոլար է հատկացրել Հայաստանին․ կգնվի թոքերի արհեստական օդափոխության 50 սարք: Հայաստանը ԱՄՆ-ից 1,1 մլն դոլարի աջակցություն կստանա՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի համար:
Ո՞ւր են այս գումարները և ինչո՞ւ է հպարտ քաղաքացին միայնակ մնացել իր բոլոր խնդիրների հետ՝ որպես օժանդակություն ստանալով ընդամենը 12.5 միլիարդ դրամ…