Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին տեղափոխվելու է հայրենիք։

Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։

«Ռուսաստանի Դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է։ Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մեր այն քաղաքացիների հետ, որոնց թեստի դրական պատասխանը ստացել ենք արդեն նրանց Հայաստան վերադառնալուց հետո»,- ասաց Ադոնցը։

Փոխնախարարն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին խնդրեց կորոնավիրուսի հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում հայտնել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին ու պահպանել վարակի տարածումը կանխարգելելու կանոնները։

ՀՀ քաղաքացիներին ապրիլի 6-ից մինչ օրս Մոսկվայից Երևան տեղափոխելու համար իրականացվել է 3 չարտերային թռիչք։ Ապրիլի 19-ին և 20-ին չարտերային թռիչքով Հայաստան են վերադարձել նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքներում գտնվող ՀՀ քաղաքացիները։