«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում ապրիլի 19-ին կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել: Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը գրանցվել է Բորջոմի շրջանում, Ախալդաբա գյուղի 30-ամյա բնակիչ է վարակվել. «Վարակված տղամարդը վրացի է, մաքսատան աշխատող է, աշխատում է Թբիլիսիում, այնտեղից է եկել: Միայն իր մոտ է հաստատվել վիրուսը, մնացած ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել»: Հենզել Մկոյանը հավելեց, որ Ախալքալաքի հիվանդանոցները, բժիշկները շատ բարձր մակարդակով պատրաստ են. խուճապի առիթ չկա: Պատգամավորը հավաստիացրեց, որ Ջավախքի հիվանդանոցներում թեստերի պակաս չկա, ավելին՝ չկա նաև շնչառական սարքերի խնդիր, բացի այդ՝ Ջավախքում որևէ դեպք չի գրանցվել, Ջավախքը շարունակում է համարվել կանաչ գոտի»։