Թուրքիայում, Տրապիզոնի համալսարանի շենքի պատին թուրքական դրոշներ են կախել՝ «Ազգային ինքնիշխանության և երեխաների տոնին» ընդառաջ, որը նշվում է ապրիլի 23-ին։
Դրոշներից բացի շենքի պատից կախել են նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը, սակայն՝ գլխիվայր, ինչը բացասական արձագանք է առաջացրել թուրք հանրության շրջանում։
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր և ավագանու անդամ Հալուք Փեքշենը դա անպատվաբեր է համարել ոչ միայն Աթաթուրքի, այլև Տրապիզոնի ժողովրդի համար։ Նա նաև հավելել է, որ Տրապիզոնը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ընթացքում կարևոր նշանակություն ունեցող քաղաքներից է, իսկ տրապիզոնցիներից շատերն առանցքային դեր են ունեցել քեմալական շարժման ընթացքում։
Տրապիզոնի համալսարանն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սխալը նկատելուն պես նկարի դիրքն ուղղվել է, իսկ այդ աշխատանքների համար պատասխանատվություն կրող անձանց դեմ համապատասխան ընթացակարգ է սկսվել։