Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է բնակչի տան տանիքին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ մի քանի հսկայական կտորներ ժայռից պոկվել և թափվել են բնակչի տան վրա՝ վնասելով տանիքը, պատերը, այգում տեղադրված մեղվի փեթակները, ինչպես նաև ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ժամանել է նաև Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը: