Երևանի կանաչապատման հիմնարկի տնօրենի մրցույթն ավարտվեց, հաղթող ճանաչվեց 2 մասնակից՝ Արա Աղայանն ու Դավիթ Մելքումյանը։ Անդրադառնալով մրցույթի արդյունքներին և թե քաղաքապետի ընտրությունն ո՞ւմ վրա կանգ կառնի՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ասաց. «Խոսակցություններ կան, որ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից մեկը քաղաքապետարանում պաշտոն զբաղեցնողներից մեկի մերձավորն է: Սակայն, ես կարծում եմ՝ այս պահին դա այդքան էլ էական չէ, որովհետև եթե հաշվի առնենք, թե առաջին փուլում ինչքան մարդ էր մասնակցում, հիմա՝ ինչքան և հաշվի առնելով փոփոխությունները հանձնաժողովում՝ արդեն իսկ կարելի է ասել, որ մրցույթի անաչառությունը կասկածի տակ է»,- ասաց նա: Նշենք, որ Խաժակյանը նկատի ունի Արա Աղայանին, ով քաղաքապետի նախկին խորհրդական, այժմ դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։ Նկատենք, որ «Լույս» խմբակցության ավագանու անդամները մինչ մրցույթի ավարտն էլ մի շարք խախտումների մասին էին մատնանշում: Նշենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամակավոր պաշտոնակատարն Արմեն Բեգոյանն էր: Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա կինը՝ Իվա Մարությանն, ամեն գնով ցանկանում էին ազատվել նրանից, ինչն էլ փաստորեն հաջողվեց նրանց: Բանն այն է, որ մինչ այս պաշտոնին նշանակվելը Բեգոյանը զբաղեցնում էր «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և աշխատանքը «փայլուն» կատարելու արդյունքում նրան տեղափոխեցին «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ՝ տնօրեն դարձնելու հեռանկարով։ Սակայն, պարզվում է՝ քաղաքապետի կնոջ ու Բեգոյանի ջրերը սկսել են մի առվով չհոսել. վերջինս անհամաձայնություն է ունեցել Մարությանների հետ, որից հետո կանաչապատման հիմնարկի տնօրենի պաշտոնին նրան նշանակելու հավակնությունները հօդս են ցնդել: Մարությանի կինն էլ որոշել է մրցույթ անցկացնել ու իր ուզած մարդուն նշանակել այս պաշտոնում։ Մինչ այդ էլ լուրեր էին տարածվել, թե քաղաքապետի կինը գնացել ու տնօրենի Ժ/Պ-ից ազատման դիմում գրել է պահանջել: