Երբ առաջացավ այս ճգնաժամային իրավիճակը, ակնհայտ էր, որ շատ մարդիկ չեն կարողանալու վճարել կոմունալ վճարները: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների հետ կապված խնդրին:
«Մենք սկզբում հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, բայց այդ ժամանակ հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց այդպես չեղավ:
Զարգացավ այնպիսի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, որոնք հնարավորություն չունեն, այլ նաեւ նրանք, որոնք հնարավորություն ունեն: Մենք տեսանք, որ նաեւ հարուստ մարդիկ սկսել են չվճարել, որի պատճառն այն է, որ կառավարությունն ասել է, որ անջատումներ չեն լինելու:
Փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին ու աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր:
Դրա հետեւանքով առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ: Բայց ամենակարեւոր ռիսկն այն է, որ համակարգը կարող է քանդվել: Այսինքն կարող է խոսք լինել ոչ թե 5 հազար, 10 հազար մարդու հոսանքն անջատելու մասին, այլ ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատի: Հետեւաբար, գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ հազար կամ 5 հազար քաղաքացու հոսանքն անջատենք, թե չանջատենք, այլ նրա մեջ է՝ երկրում հոսանք ընդհանրապես լինելու է, թե չի լինելու: Այդ հարցը մեր առջեւ դնում էր ՀԾԿՀ-ն: Այս պայմաններում մենք համաձայնություն տվեցինք, որ Հանձնաժողովն ու մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ են եղել համակարգ. «Այսինքն առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, բայց մտածում էին՝ որ չեն անջատելու, չվճարենք: Ընդ որում, դրանց մեջ կան խոշոր բաժանորդներ: Մենք սրանով համակարգը փրկեցինք կոլապսից»:
Վարչապետը նշեց․ «Հայաստանում կա 775 հազար էլէներգիայի բաժանորդ եւ 623 հազար գազի բաժանորդ: Այս պահի դրությամբ անջատվել է 4300 էլեկտրաէներգիայի բաժանորդների հոսանք եւ 736 գազի բաժանորդների մատակարարումը: Ընդ որում, էլեկտրաէներգիայի անջատումների բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազարից ավելի»:
Փաշինյանը նկատեց, որ սա ցույց է տալիս, որ չվճարումները եղել են նաեւ սպեկուլյատիվ, որ մարդիկ ասել են՝ դե չեն անջատում, եկեք չվճարենք. «Այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն վճարելու, բայց չեն վճարում, նրանց հոսանքն, այո, պետք է անջատվի: Հակառակ դեպքում կստացվի, որ անապահովների շվաքի տակ էդ մարդիկ փողը գրպաններում պահում են, որ իրենց տաք լինի կամ բիզնես ունեն, տանում են էդ բիզնեսի մեջ դնեն»: