Ինչպես արդեն հայտնի է, Սևանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ կա: ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ նա Սևանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակից է՝ սանիտարը: Վերջինիս մայրը առողջական խնդիրներ ունի և բուժում է ստանում Երևանի հիվանդանոցներից մեկում, որտեղ այցելելու հետևանքով էլ Սևանի բնակիչը վարակվել է կորոնավիրուսով: Նկատի ունենալով, որ վերջինս Սևանի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի աշխատակից է, չի բացառվում, որ մի շարք մարդկանց վարակած լինի: Բաժանմունքում աշխատակիցներին մեկուսացրել են Ծաղկաձորում: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանը չհերքեց, որ վարակակիրն իրենց աշխատակիցներից է, սակայն այլ մանրամասներ հայտնելուց հրաժարվեց. «Մանրամասներն իմանալու համար զանգահարեք մարզի առողջապահության բաժին: Մենք տեղեկություն տալու իրավունք չունենք»,- նշեց ԲԿ-ի տնօրենը: Նշենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր Սևանում կորոնավիրուսի վարակման մեկ դեպքի մասին:

 
 

Սոնա Հարությունյան