Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձինք գտնվում են տարբեր հիվանդանոցներում․ մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Բարեբախտաբար, բժշկական անձնակազմից զոհեր, վիրավորներ չկան, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նմանատիպ վարքագիծը։ Բուժաշխատողների հանդեպ ցանկացած ոտնձգություն՝ շատ ավելին է, քան, եթե դա լինի փողոցում կամ կենցաղում»,- նշեց նախարարը։
Հարցին՝ արդյոք տեղեկությունները ճի՞շտ են, որ վիրավորների վզի հատվածում են վնասվածքներ հասցվել, Թորոսյանը չպատասխանեց և ընդգծեց, որ այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են։
ՀՀ առողջապահության նախարարն ասաց, որ հիվանդանոցում վնասվել են պատերը, դռները, պատուհանները, սանհանգույցները, դրանք առաջիկայում կվերականգնվեն։
Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որից հետո հարձակում էր տեղի ունեցել նաև հիվանդանոցի վրա։