Մենք ակտիվորեն աշխատում ենք այն բանի վրա, որպեսզի խիստ միջոցառումների պայմաններում Վրաստանը լինի այն առաջին երկրներից, որը կվերադարձնի զբոսաշրջիկներին, զբոսաշրջային ոլորտի հետ հանդիպմանը հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան, հայտնում է «Սպուտնիկ-Գրուզիա»-ն։

Համավարակի արդյունքում Վրաստանում զբոսաշրջային ոլորտը ամենից շատն է տուժել։ Արդեն մարտին եկամուտները նվազել են 70%-ով՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի շատ խիստ սահմանափակումների ներդրման պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան անվտանգ լինի եւ առաջիններից մեկը բացվի արտասահմանյան զբոսաշրջիկների համար։ Անկասկած, դա հնարավոր է միայն խիստ վերահսկողության պայմաններում»,- ասել է Տուրնավան։

Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները առաջին օրվանից օգնություն են ցուցաբերում զբոսաշրջային ոլորտին։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Վրաստանի իշխանությունները աշխատում են զբոսաշրջային ոլորտին օգնելու հատուկ ծրագրի ստեղծման ուղղությամբ, որը կպարունակի ինչպես հակաճգնաժամային միջոցառումներ, այնպես էլ խթանման գործիքներ։

Այսօրվա դրությամբ Վրաստանի իշխանությունները այն ընկերություններին, ոորոնց գործունեությունը կապված է հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտի հետ, զբոսաշրջային գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին եւ մյուսներին թույլ են տվել եկամտահարկը եւ գույքահարկը մինչեւ նոյեմբերի 1-ը վճարել։ Սա առնչվել է 18 000 ընկերությունների, որոնք գործում են այսօր Վրաստանում։

Բացի այդ, Թբիլիսիում մի շարք ընկերությունների ազատել են հողի վարձակալության վճարից։

 

news.am