Մենք ակտիվ կերպով աշխատում ենք, որ արտակարգ դրության պայմաններում Վրաստանը լինի առաջին երկրներից մեկը, որ կվերադարձնի զբոսաշրջիկներին, Sputnik Georgia-ի հաղորդմամբ՝ հայտարարել է երկրի Էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան տուրիստական գործակալությունների հետ օնլայն հանդիպման ժամանակ:
Համավարակի հետևանքով Վրաստանի զբոսաշրջության արդյունաբերությունն ամենից շատն է տուժել: Արդեն մարտ ամսին եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 70% -ով:
«Մենք ակտիվ կերպով աշխատում ենք Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության հետ, որպեսզի արտակարգ դրության պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան լինի ապահով և առաջինը, որ կբացվի արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Անշուշտ, դա հնարավոր է միայն խիստ վերահսկողության դեպքում»,- ասել է Տուրնավան:
Նա նաև նշել է, որ Վրաստանի իշխանություններն առաջին իսկ օրից օգնություն են ցուցաբերում զբոսաշրջության արդյունաբերությանը:
«Զբոսաշրջության ոլորտին ժամանակ է հարկավոր, մինչև այն կրկին կդառնա եկամտաբեր և գրավիչ, ինչպես եղել է ճգնաժամից առաջ: Մենք լավատես ենք տրամադրված, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որ կհաղթահարի համաճարակն ու կբացի սահմանները», - ասել է Տուրտավան:
Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը նաև նշել է, որ վրացական իշխանությունները աշխատում են զբոսաշրջության ոլորտին օգնելու հատուկ ծրագրի վրա, որը պարունակում է ինչպես հակաճգնաժամային միջոցառումներ, այնպես էլ խթանման գործիքներ: Բացի այդ, Թբիլիսիի մի շարք ընկերություններ ազատվել են մեկ տարվա հողային վարձավճարներից: