Հաշվի առնելով մեր երկրի վրա ծառացած համաճարակային դժվարագույն խնդիրը՝ «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը» հանձն է առել կազմակերպել բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից («Dvin Music Hall» համերգային սրահից) և Լոս Անջելեսից ՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար մայիսի 2-ին, Երևանի ժամանակով՝ ժամը 20:20-ին, իսկ Լոս Անջելեսում՝ 09:20-ին: Համերգի վերաբերյալ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի ղեկավար Արտակ Թովմասյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե վերջին շրջանում քննադատում էր հեղափոխական իշխանություններին' վարած տնտեսական քաղաքականության համար, հիմա, կարծես թե, հռետորաբանությունը փոխվել է և անգամ նմանատիպ միջոցառումներով իր աջակցությունն է ցուցաբերում իշխանությանը, հետաքրքրվեցինք՝ արդյոք փոխե՞լ է իր կարծիքը նրանց մասին:

Ի պատասխան մեր հարցին՝ Արտակ Թովմասյանն ասաց, որ դրանք եղել են ոչ թե քննադատություններ, այլ իր անձնական գնահատականները, որոնք տվել է և պատրաստ է կրկին ասելու, քանի որ կան տեսլականներ, որոնք իր կարծիքով կմնան նույնը. «Ինչ վերաբերում է այս միջոցառմանը, ապա ես բոլորին ասում եմ, որ մենք պետք է համախմբվենք: Երբ պատերազմ է սկսվում, դու չես նայում՝ ով, ինչ, դու գնում ես պատրաստվելու պատերազմին և քո լուման ներդնելու հաղթանակ տանելու համար: Ուստի ես կոչ եմ անում, որ մեր ազգը համախմբվի և օգնի: Այսինքն մենք ունենք մեր հավատքը, պետականությունը, ժողովուրդը ու այս ամենն արվում է հենց ժողովրդի, ոչ թե քաղաքական գործիչների համար: Այս կոչով ուզում ենք ցույց տալ, որ միասնական ենք՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով ենք խոսում կամ որ երկրում ենք ապրում: Սա հնարավորություն է ցույց տալու մեր համախմբվածությունը առանց քաղաքական աստառների. չկան քաղաքական նկատառումներ, կա միայն ցանկություն օգնություն ցուցաբերելու: Բնականաբար չենք կարող ոչինչ չձեռնարկել և նստել հեռուստատեսությամբ նայել, լսել, թե աշխարհում որքան մարդ հիվանդացավ կամ մահացավ: Հանձնվե՞լ... Բժիշկն ավելի լավ կասի, որ, երբ մարդը հիվանդանում է, բուժումը կախված է նաև նրա տրամադրվածությունից: Այս քայլը որոշել ենք անել, որպեսզի բոլորիս տրամադրությունը փոխվի և դրա հետ մեկտեղ կարողանանք օգտակար լինել թեկուզ մեկ լումայով և աջակցել նրանց, ովքեր այսօր ունեն դրա կարիքը: Վաղը գուցե մենք և մեր հարազատները հայտնվենք այդ իրավիճակում, դրա համար ուզում ենք ցույց տալ սոցիալական դիստանցիա հասկացողությունը: Չպետք է մոռանալ համաճարակի մարտում, առաջնագծում կանգնած մարդկանց՝ բժիշկներին. չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ե՞րբ գնացին տուն, հերթապահությունից ավե՞լ մնացին, հնարավո՞ր է վարակված լինի և իր ընտանիքի անդամներին փոխանցի: Դրա համար պետք է ամեն բան անել, որպեսզի բժիշկները չվարակվեն, լինեն զգույշ և․ եթե համաճարակը ավելի տարածվի, իսկ ես կարծում եմ մինչև մեկ տարի կտևի, կարողանանք կանխել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դրական արդյունքի կարելի է հասնել միայն համախմբվածությամբ:

Նշենք, որ համերգի ողջ հասույթը ուղղվելու է Հայաստանում կորոնավիրուսի դեմ (covid19) դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք: Տոմսերի վաճառքից հասույթի հավաքագրման ողջ ընթացքը հասանելի կլինի առցանց: