ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Պարզվել է, որ ամբիոնի վարիչը, օժտված լինելով ամբիոնի ուսումնամեթոդաբանական, գիտական, հետազոտական, դաստիարակչական և այլ աշխատանքների կազմակերպում և ղեկավարում իրականացնելու իրավասությամբ, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերել՝ իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամբիոնի վարիչը պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար միջնորդից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները գնահատվել են դրական:

2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունքներ:

Ուսանողներից 8-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: