Երեկ՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է գրանցվել Արագածոտնի մարզում։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում անհայտ քաղաքացուն պատկանող մեքենայից արջ է «փախել», իսկ մեքենան հեռացել է՝ թողնելով կենդանուն։ Ականատեսները զանգահարել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանություն։
Այս տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատեց նաև ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ մանրամասնելով․ «Նման ահազանգ է եղել, որ, հավանաբար, արջի քոթոթ մեքենայից դուրս է թռել և փախել։ Ահազանգել են նաև ոստիկանություն։ Փրկարարներն ու ոստիկանները միասին փնտրել են ու չեն գտել, որոնումն էլ դադարեցվել է։ Դեպքը եղել է, թե՞ ոչ, ո՞վ գիտի․․․ ամեն դեպքում ահազանգ կա»։
Իսկ, թե ինչպե՞ս է արջը հայտնվել մեքենայի մեջ, այնուհետև՝ «թռչել ու փախել» այնտեղից, նույնպես հայտնի չէ։ Տեղեկություններն իրարամերժ են․ հստակ չէ՝ խոսքը գնում է քոթոթի, թե՞ հասուն առանձյակի մասին։
Նշենք, որ ՀՀ-ում հանդիպում է գորշ արջ տեսակը (Ursus arctos)։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»' VU B2ab(iii,iv): ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400–500 մինչև 3000 մ բարձրություններում: Բազմանում են մայիսին: Հղիությունը տևում է մոտ 7 ամիս: Ձագերը (առավել հաճախ' 2, հազվադեպ' 1 կամ 3-4) ծնվում են բնում դեկտեմբերի վերջից մինչև մարտ:
Հաշվի առնելով հանգամանքը, որ կենդանին եղել է մեքենայի մեջ, հավանաբար եղել է մարդամոտ, միգուցե նաև՝ վարժեցված մարդու կողմից։
Ընդգծենք նաև, որ գորշ արջի ձագերը տարվա այս ամսին լինում են 3-4 ամսական։