ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են էական հարաբերակցական կապ կորոնավիրուսից բարձր մահացության և վիտամին D-ի պակասի միջև։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի աշխարհամասերի հիվանդանոցների վիճակագրության վրա հիմնված վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ին ավելի շատ բախված երկրների, օրինակ, Իտալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից պացիենտների մոտ վիտամին D-ի պարունակությունը ցածր է այլ երկրներից պացիենտների համեմատ։

Նման եզրակացության ավելի վաղ հանգել են նաև Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցի հիմնադրամի և Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները։ Նրանց դիտարկումները հիմնված էին եվրոպական 20 երկրների բնակիչների արյան մեջ վիտամին D-ի միջին պարունակության համադրության վրա։

Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնական խմբի ղեկավար, կենսաբժշկական ճարտարագիտության պրոֆեսոր Վադիմ Բեքմանի խոսքով, Իտալիայի հյուսիսը բժշկության որակի առաջատարներից է, սակայն այնտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակն ավելի բարձր է, քան այլ տարածաշրջաններում և երկրներում։

Հետազոտողները ենթադրում են, որ բորբոքային գործընթացն արագանում է «ցիտոկինային մրրիկի»՝ գրգռիչին իմունային համակարգի հիպերարձագանքման պատճառով։

«Հենց անկանոն իմունային պատասխանն, այլ ոչ թե վիրուսի կողմից թոքերի վնասումն է, հավանական է, դեպքերի մեծամասնությունում առաջացնում կորոնավիրուսով պացիենտների մահը»,- գիտնականի խոսքերն է մեջբերում Medical Xpress պորտալը։

Հետազոտողները նշում են, որ վիտամին D-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև վերահսկում է այն, թույլ չտալով, որ այն չդառնա հիպերակտիվ և օրգանիզմի համար վտանգավոր։