ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկած, «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը կալանավորվել է 2-ամսյա ժամկետով: Այս մասին հայտնում է իրավաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 
 

«Հեծանվորդը 2-ամսյա ժամկետով կալանավորվեց։ 316-րդ հոդվածով (որով տուժող կարող են լինել միայն, միմիայն ոստիկանները)։

Իրավաբանական ֆուտուրիզմի այս բացառիկ գլուխգործոցը արժանի տեղ գրավեց մեր հավաքածուում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Մելիքյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սահմանադրական դատարանի դիմաց հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։