Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը հաստատել է, որ սկզբնական շրջանում Ուհան քաղաքի տեղական իշխանությունները թաքցրել են կորոնավիրուսի բռնկման իրական չափերը: Այս մասին նա ասել է CNN- ին տված հարցազրույցում:
Հունվարի 18-ին Չժուն Նանշանը, ղեկավարելով փորձագետների խումբը, գնացել է Ուհան՝ ուսումնասիրելու հիվանդության բռնկումը: Ժամանելուն պես նա բազմաթիվ զանգեր է ստացել բժիշկներից, ովքեր նախազգուշացրել են, որ քաղաքում իրավիճակը շատ ավելի վատ է, քան պաշտոնապես հայտարարվում է:
«Սկզբից իշխանությունները լռեցին, և ես ենթադրեցի, որ հավանաբար ավելի մեծ թվով մարդիկ են վարակվել», – նշել է համաճարակաբանը:
Նա նշել է, որ սկսել է կասկածել նաև այն պատճառով, որ Ուհան քաղաքում պաշտոնապես գրանցված դեպքերի քանակը 10 օր շարունակ եղել է 41՝ չնայած արտասահմանում այդ վարակի հայտնվելուն:
«Ես չէի հավատում այս արդյունքին, ուստի շարունակեցի հարցնել, և այնուհետև ինձ դժկամությամբ տեղեկություններ տրամադրեցին», – ավելացրել է նա:
Հեռուստաալիքը նշում է, որ հունվարի 20-ին Չժուն Նանշանը CCTV պետական հեռուստաալիքին հաստատել է այն, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն այն բանից հետո, երբ Ուհանի առողջապահական մարմինները շաբաթներ շարունակ պնդում էին, որ մարդկանց միջև վիրուսի փոխանցման հստակ ապացույց չկա, և որ բռնկումը «կանխարգելի և վերահսկելի է»: .