Եղեգնաձորում ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը ծանր է, և չնայած այս հանգամանքին, հիվանդանոցը Մխիթարյանի հարազատներին առաջարկել է նրան տուն տեղափոխել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
«Մեզ ոչ մի հիմնավորում չեն ներկայացնել, թե ինչու են հիմա որոշել, որ եղբորս պիտի տուն բերենք, դուք փորձեք ճշտել, գուցե ձեզ ասեն: Մենք իրենցից բան չենք հասկանում: Ասում են՝ մնացել է խնամքի հատվածը, դա էլ տարեք, տանն արեք»,-նշում է Մխիթարյանը:
Մեր ճշտող հարցին՝ հնարավոր է, որ առողջական վիճակի բարելավումն է պատճառը նմանատիպ առաջարկի, Մխիթարյանը պատասխանեց. «Ոչ միայն չի բարելավվել, այլև երեք օր է՝ ճնշումը այնքան է ընկել, որ դժվարությամբ են կարողանում բալանս պահել ու կարգավորել վիճակը»:
Մխիթարյանը նաև մտահոգություն հայտնեց, որ վախենում են, թե տանը հնարավոր է վտանգվի եղբոր կյանքը. «Ինչքան էլ խնամողներ բերենք, հիվանդանոցի հսկողությունն այլ է: Դրա համար հիմա դեռ հստակ որոշում չունենք տուն տանելու, ուզում ենք մի քիչ վերականգնվի վիճակը, նոր որոշենք»:
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել էր շտապ վիրահատության: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: