ԲՈԿ-ի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականից հետո էլ նրա շուրջ քննարկումները չեն դադարում: Հիմա էլ լրատվամիջոցները գրում են, որ նրա հեռանալու պատճառներից մեկը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության հետ է կապված: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանին տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան շնորհելու մասին հրամանը ստորագրել է Գոգյանը՝ հրաժարական ներկայացնելուց, ընդամենը, մեկ օր առաջ և թեմայի շուրջ ԲՈԿ-ում բուռն քննարկումներ են եղել: Նշենք, որ գիտությունների թեկնածու դառնալով՝ Լևոն Քոչարյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Թե որքանով են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Սմբատ Գոգյանից:
«Այո, Լևոն Քոչարյանը ստացել է գիտական աստիճան, բայց դա, ընդհանրապես, կապ չունի իմ ազատման դիմումի հետ: Նրա աշխատանքը ներկայացրել ենք փորձագետի, ով աշխատանքի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, ինչն էլ հիմք է հանդիսացել գիտական աստիճան շնորհելու համար»,-ասաց նա:
Գոգյանը հաստատեց, որ գիտական աշխատանքը իր ստորագրությամբ է հաստատված: