Աշխարհում նկատվում է COVID-19-ի տարածման տեմպերի նվազում: Չնայած այս հանգամանքին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է՝ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի առաջին ալիքի մեջտեղում, կա հիվանդության երկրորդ գագաթնակետին հասնելու վտանգ, իսկ երկրորդ ալիքի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այս մասին հայտնել է NBCNews-ը:
«Երբ խոսում ենք հիվանդության երկրորդ ալիքի մասին, դասական իմաստով, միշտ նկատի ունենք, որ առաջին ալիքն արդեն ինքնաբերաբար նվազում է, այնուհետ ամիսներ անց սկսվում է հիվանդության երկրորդ ալիքը: Ներկայումս մենք երկրորդ ալիքում չենք, այլ առաջին ալիքի հիվանդության մեջտեղում»,- ասել է ԱՀԿ գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:
Ռայանը հավելել է, որ մինչ հիվանդության տարածման մակարդակը նվազում է մի շարք երկրներում, դրանց թիվը ավելանում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:
Ռայանը կոչ է արել երկրներին, որտեղ վարակի դեպքերը նվազում են, օգտագործել ժամանակը՝ դեպքերի բացահայտման արդյունավետ մեխանիզմներ մշակելու և թեստավորման համակարգերն արդիականացնելու համար: