322, 374, 359, 452, 289, 372, 442...սրանք Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ցուցանիշներն են։ Կորոնավիրուսից մեկ օրում մահացածների ամենամեծ թիվը՝ մահվան 15 դեպք, գրանցվել է հենց այսօր։ Այդ թվում գրանցվել է բավական երիտասարդ մահ՝ 43 տարեկան։ Ամեն օր աճող թվերը սպասվող նոր «ռեկորդներ»-ի մասին են խոսում։ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի հայտարարությունները ևս այս մասին են վկայում, ինչպես նա է պնդում՝ Հանրապետությունում սկսվել է կորոնավիրուսի տարածման 2-րդ ալիքը։

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամեր առաջ ներկայացրել է վիճակագրություն, որով պարզ է դառնում, որ առողջապահական համակարգը, մեղմ ասած, կանգնած է կոլապսի առաջ։ Ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը հասել է 316-ի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները 53-ն են, ևս 17 հոգի միացված են արհեստական շնչառության սարքերին։ Վարակման դեպքերի աճն ու դրան զուգահեռ օրական բուժվողների թվերը անհամեմատելի են, այդ վիճակագրությունները խիստ անհանգստացնող են և թույլ են տալիս ենթադրել, որ շուտով հիվանդանոցներում պացինետներին ընտրողաբար կբուժեն, ինչպես մյուս երկրներում, Հայաստանում ևս բժիշկները կսկսեն սելեկցիա կիրառել, և ռեանիմացիայում բուժօգնության հնարավորություն կունենան ոչ բոլոր ծանր հիվանդները։ Այս պատճառով է, որ այն բոլոր վարակակիրները, որոնք ասիմպտոմ են, կբուժվեն սեփական տներում, իսկ թե դա ինչպես կանդրադառնա ընտանիքի անդամների վրա՝ անհայտ է։  Նշենք, որ սպասվող սելեկցիայի մասին խոսել են բազմաթիվ փորձագետներ, ակնարկով անդրադարձել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Օրեր առաջ հասարակական մի քանի կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկեցին առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։ Եվ, չնայած, վարչապետն ինքն արտակարգ դրության սահմանափակումների թուլացման մասին հայտարարելիս ասել էր, որ, եթե իրավիճակը ծանրանա, կկիրառվեն նոր ու շատ խիստ կանոններ, դեռևս ոչինչ չի խոսում այդ ուղղությամբ։ Իր այդ հայտարարություններից հետո վարակի տարածումն իսկապես դուրս է եկել վերահսկողությունից, դիմակների ու ձեռնոցների բացակայության համար նախատեսված տուգանքն անգամ չի կանգնեցնում վարակի աճի տեմպը, իսկ վարչապետի գործողությունները սահմանափակվում են նախազգուշացնող հայտարարություններով։  Վարչապետը միայն հորդորում է պատշաճորեն կիրառել պաշտպանության անհատական միջոցները, որոնք, ըստ կառավարության վերջին «բացահայտումների», 95 տոկոսով կնվազեցնեն վարակի տարածումը։

Իսկ պարետատան խոսնակը նշում է՝ սցենարները բազմաթիվ են, իրավիճակը կայունացնելու  քայլերի հերթականություն էլ կա մշակված, բայց ավելի խիստ սահմանափակումներ կիրառվելու մասին քննարկում չի եղել։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության երրորդ ժամկետը կավարտվի հունիսի 13-ին, մինչ այդ, ըստ կանխատեսումների, վարակվածների թիվն էականորեն կգերազանցի 10․000-ը, իսկ, թե ինչպես կգործի առողջապահական համակարգը, անկանխատեսելի է։