Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ՝ մայիսի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում էր Սարդարապատում տեղի ունեցած միջոցառմանը: Քանի որ այսօր վարչապետը հայտարարեց, որ ինքը վարակված է, փորձեցինք ճշտել՝ արդյոք Արմեն Սարգսյանը ևս թեստ չի հանձնել, և արդյոք նրա մոտ կասկածներ չկան վարակման: Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանի հետ: Նա նշեց, որ Հանրապետության նախագահը շատ խիստ է վերաբերվում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ինչպես իր և իր ընտանիքի, այնպես էլ նախագահի ողջ աշխատակազմի դեպքում:

«Արմեն Սարգսյանը թեստ չի հանձնել: Հանրապետության նախագահը թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության»,- ասաց նախագահի օգնականը և նշեց, որ մայիսի 28-ին ևս Սարդարապատում տեղի ունեցած՝ Հանրապետության տոնի միջոցառմանը նախագահ Արմեն Սարգսյանը հնարավորինս պահպանել է կանխարգելիչ կանոնները: