«Զվարթնոց» օդանավակայանի՝ հերթում իրար մոտ կանգնած ուղեւորների լուսանկարը արված է հանրային տարածքում, որտեղ հերթերի կառավարումն ու վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ արձագանքելով վարչապետի՝ այսօր ավելի վաղ արված հրապարակմանը։
Միեւնույն ժամանակ, օդանավակայանից հայտնեցին, որ լուսանկարը արված է այս գիշեր՝ Երեւան-Մինսկ չվերթի ժամանակ, վստահեցնելով, որ գրանցում անցնելուց հետո, երբ քաղաքացիների հերթի կառավարումն անցել է օդանավակայանի անձնակազմին, բոլոր կանոնները պահպանվել են։
«Վայրէջքների ժամանակ էլ քաղաքացիների իջեցումը 5-ական խմբերով է կազմակերպվում, որպեսզի ապահովվի սոցիալական հեռավորության պահպանումը»,- նշեց հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։